
AstraZeneca-ի դեղահաբը 56%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին AstraZeneca-ի փորձարարական կամիզեստրանտ (camizestrant) հաբով բուժումը կիսով չափ կրճատել է հիվանդության առաջընթացի կամ մահվան ռիսկը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին։
Չիկագոյում կայացած Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության ընկերության հանդիպմանը ներկայացված արդյունքները նշանավորում են հեղուկ բիոպսիա կոչվող արյան անալիզի առաջին կիրառումը:
Ըստ ուռուցքաբան և կրծքագեղձի քաղցկեղի մասնագետ Էլեոնորա Տեպլինսկիի՝ հորմոնային ընկալիչ-դրական, HER2-բացասական կրծքագեղձի քաղցկեղով կանանց մոտ այս նոր մոտեցման կիրառումը հանգեցրել է հիվանդության առաջընթացի կամ մահվան ռիսկի 56%-ով նվազեցման։
Հետազոտությանը մասնակցել են 3256 մարդ, ում մոտ ախտորոշվել էր հորմոնային ընկալիչ-դրական, HER2-բացասական կրծքագեղձի քաղցկեղ։ Քաղցկեղի այս տեսակի դեպքում էստրոգեն հորմոնը խթանում է հիվանդության աճը:
Կամիզեստրանտը և նմանատիպ դեղամիջոցները, որոնք կոչվում են ընտրողական էստրոգենային ընկալիչների դեգրադատորներ կամ SERDS, քաղցկեղի բջիջները դարձնում են ավելի քիչ զգայուն էստրոգենի նկատմամբ։
Կամիզեստրանտը դեռևս ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից հաստատված չէ, սակայն Տեպլինսկին կարծում է, որ հետազոտության տվյալները, հավանաբար, կհանգեցնեն բուժման նոր մոդելի ստեղծմանը։