
Երկրաշարժն «օգնել է». Պակիստանի բանտից կալանավորներ են փախել
Պակիստանի Քարաչի քաղաքի բանտից 216 կալանավոր է փախել, երբ ստորգետնյա մի քանի ցնցումներ ճեղքել են շենքը և բանտի ցանկապատը։
«Փախուստը տեղի է ունեցել, երբ կալանավորները խուճապի են մատնվել ցնցումների պատճառով», – ասել է Սինդհի իրավապահ մարմինների նախարար Զիադ ուլ Հասան Լանջարը։
Նա ասել է, որ սա Պակիստանի պատմության մեջ բանտից ամենամեծ փախուստներից մեկն էր։
Առաջին ցնցումից հետո կալանավորներին նախազգուշական նպատակով դուրս են բերել բանտի բակ։
Այնտեղ հավաքվել էր մոտ 1000 կալանավոր, որոնցից մի քանիսը օգտվել են նոր ցնցումների պատճառած խուճապից՝ փախուստի դիմելու համար։