Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի լիակատար պաշարման պայմաններում անելիքների շուրջ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ օգոստոսի
28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել , որին
մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո
Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական
մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: Հայտնել է նախագահի
մամուլի ծառայությունը։
Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում
ստեղծված իրավիճակի հարցն է եղել:
Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության
փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել
է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի
ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի
իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝
միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:
«Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են
տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝
շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝
հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: