28 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սա հացի կռիվ չէ, ուստի պիտի բացառվի Ակնայից «օգնություն» մտնելու տարբերակը»․ Արցախի ԱԺ նախկին պատգամավորը մանրամասներ է ներկայացրել երեկ տեղի ունեցած խորհրդակցությունից

«Սա հացի կռիվ չէ, ուստի պիտի բացառվի Ակնայից «օգնություն» մտնելու տարբերակը»․ Արցախի ԱԺ նախկին պատգամավորը մանրամասներ է ներկայացրել երեկ տեղի ունեցած խորհրդակցությունից

Ադրբեջանի ուղարկած, այսպես կոչված, «հումանիտար օգնությունը» չի մտնելու Ստեփանակերտ․
համենայնդեպս, անցած գիշեր ԱԺ-ում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ որոշվել
է, որ օկուպացված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհը չի բացվելու։ Այս մասին «Փաստինֆո»
հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը։

«Մինչև առավոտյան ժամը 6-ը տևած խորհրդակցությանը, որին ներկա են եղել ԱԺ պատգամավորները,
Արցախի նախագահը, նախկին երկու նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը,
ինչպես նաև քաղաքական այլ դեմքեր, հաջողվել է չորս կետերի շուրջ համաձայնության գալ։
Կետերից մեկը հենց այն է, որ գործելու է միայն մեկ հումանիտար ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։
Կարծիքների բախումներ եղել են, իհարկե։ Կոնկրետ այս հարցի առնչությամբ մի երկու քաղաքական
դեմք առարկել են՝ ասելով, թե կարելի է ընդունել Ակնայից, բայց պինդ մնալ ու շարունակել
պայքարը։ Մեծ մասը, սակայն, դա անընդունելի են համարել։ Համենայնդեպս, այդ հարցում
թե՛ ժողովուրդը, թե՛ ղեկավարությունը միակարծիք են, որ սա հացի կռիվ չէ, ուստի պիտի
բացառվի Ակնայից «օգնություն» մտնելու տարբերակը։ Էնքան լավ է, որ ժողովուրդն անընդհատ
ասում է, որ ինչպես միշտ, հիմա էլ ազատության ու անկախության համար է պայքարում, և
ոչ թե զուտ հացի»,-մանրամասնել է Սարգսյանը։

Մյուս երեք կետերը, որոնց շուրջ, ըստ Սարգսյանի, հաջողվել է համաձայնության գալ հետևյալն
են՝ 2․ աշխատել շուտափույթ վերադարձնել երեկ Բերձորի (Լաչինի) միջանցքի ադրբեջանական
անօրինական անցակետից առևանգված երեք երիտասարդներին, 3․ ոչ մեկին թույլ չտալ անցնել
Լաչինի միջանցքով, քանի դեռ 100 տոկոսով ապահովված չէ նրանց անվտանգ տեղափոխումը,
4․ Ադրբեջանի հետ դիվանագիտություն վարել՝ որոշակի կարգավիճակ ճշտելուց հետո ու երրորդ
կողմի մասնակցությամբ։

Վերադառնալով ալիևյան ռեժիմի հերթական բեմադրությանը՝ օկուպացված Ակնայից Արցախի
բնակչությանը, իբր, «օգնություն» ուղարկելուն, Սարգսյանը նկատեց․ «Այդ քայլով Ադրբեջանը
փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե, իբր, Արցախի ժողովուրդն իր բնակիչներն
են, ինքն էլ հոգ է տանում նրանց մասին, մինչդեռ՝ դրանով ինքն իրեն մատնում է՝ բացահայտելով
իր իսկ սուտը, թե, իբր, Լաչինի միջանցքը փակ չէ»։