04 Հուլ
2025
21.4° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի նոր ճանապարհորդական արգելքն ուժի մեջ է մտնում ներգաղթի վերահսկողության շուրջ լարվածության սրման ֆոնին

Թրամփի նոր ճանապարհորդական արգելքն ուժի մեջ է մտնում ներգաղթի վերահսկողության շուրջ լարվածության սրման ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր արգելքը, որը հիմնականում աֆրիկյան և մերձավորարևելյան 12 երկրների քաղաքացիների համար արգելում է ԱՄՆ մուտքը, ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ նախագահի կողմից ներգաղթի վերահսկողության խստացման արշավի շուրջ աճող լարվածության ֆոնին․ գրել է AP News-ը։

Նոր հռչակագիրը, որը Թրամփը ստորագրել է անցյալ շաբաթ, վերաբերում է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին: Այն նաև խստացված սահմանափակումներ է սահմանում Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի այն քաղաքացիների համար, ովքեր գտնվում են ԱՄՆ-ից դուրս և չունեն վավեր վիզա:

 Նոր արգելքը չի չեղարկում ցուցակում ընդգրկված երկրների անձանց նախկինում տրված վիզաները՝ համաձայն ԱՄՆ բոլոր դիվանագիտական առաքելություններին մայիսի 6-ին տրված ուղեցույցի։ Նախկինում տրված վիզաներ ունեցող ճանապարհորդները կկարողանան մուտք գործել ԱՄՆ նույնիսկ արգելքի ուժի մեջ մտնելուց հետո։

Թրամփը նոր արգելքը կապել է նաև Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ ՝ նշելով, որ դա ընդգծում է այն վտանգները, որոնք ներկայացնում են որոշ այցելուներ, ովքեր խախտում են վիզայի ժամկետը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտնում են, որ հարձակման մեջ մեղադրվող տղամարդը խախտել է զբոսաշրջային վիզայի ժամկետը։ Նա Եգիպտոսից է, որը Թրամփի ցուցակում չէ։

Արգելքը արագորեն դատապարտվել է փախստականներին օգնություն և վերաբնակեցման աջակցություն տրամադրող խմբերի կողմից։

«Այս քաղաքականությունն ազգային անվտանգության մասին չէ, այլ՝ պառակտում սերմանելու և Միացյալ Նահանգներում անվտանգություն ու հնարավորություններ փնտրող համայնքներին զրպարտելու», – հայտարարել է «Օքսֆամ Ամերիկա» ոչ առևտրային միջազգային օգնության կազմակերպության նախագահ Էբբի Մաքսմանը։ Աֆղանստանի ներառումը զայրացրել է որոշ կողմնակիցների, ովքեր աշխատել են այդ ժողովրդի վերաբնակեցման ուղղությամբ: Արգելքը բացառություններ է անում հատուկ ներգաղթային վիզաներ ունեցող աֆղանցիների համար, որոնք սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենասերտ կերպով համագործակցել են ԱՄՆ կառավարության հետ այնտեղ երկու տասնամյակ տևած պատերազմի ընթացքում:

Ռազմագերիներ