16 Հնս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը

ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք․ ասվում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրողի նկատմամբ բռնությունը և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:

Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից», – ասվում է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ