
«Խցանումները փրկեցին իմ կյանքը». հնդկուհին Air India-ի ավիավթարից խուսափել է թռիչքից 10 րոպե ուշանալու շնորհիվ
28-ամյա Բհումի Չաուհանը նույնպես կլիներ հինգշաբթի Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքից Լոնդոն թռչող կործանված AI171 ինքնաթիռում, եթե թռիչքից չուշանար ընդամենը 10 րոպե․ գրում է BBC–ն։
Չաուհանը, ով բիզնես կառավարման բաժնի ուսանողուհի է և ամուսնու հետ ապրում է Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում, արձակուրդի ընթացքում եղել է Հնդկաստանում։
Հնդկուհին պատրաստվում էր Բրիստոլ վերադառնալ հինգշաբթի AI171 ինքնաթիռով, որը վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց․ վթարի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 241 մարդիկ։
Չաուհանը հիշում է, թե որքան զայրացած ու հիասթափված էր․ խցանումների պատճառով նա 10 րոպե ուշացել էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայանից թռչող իր չվերթից, ինչի պատճառով ավիաընկերության աշխատակիցները նրան թույլ չէին տվել նստել ինքնաթիռ։
«Միակ բանը, որ մտածում էի, այն էր, որ «եթե մի փոքր շուտ դուրս գայի, կհասցնեի։ Մենք շատ զայրացած էինք մեր վարորդի վրա և հիասթափված լքեցինք օդանավակայանը։ Ես շատ հիասթափված էի։ Մենք դուրս եկանք օդանավակայանից և գնացինք թեյ խմելու։ Որոշ ժամանակ անց մենք փորձում էինք տուրօպերատորից ճշտել, թե ինչպես կարող ենք փոխհատուցում ստանալ գնված տոմսերի համար։ Այդ ժամանակ ես զանգ ստացա, որ ինքնաթիռը կործանվել է», – հիշում է նա։
BBC-ի հետ զրույցում Չաուհանը հավելում է. «Սա ինձ համար իսկական հրաշք է»։