
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը դատապարտում է ոստիկանության գործողություններն ընդդեմ Սամվել Կարապետյանի
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը դատապարտել է ոստիկանության գործողությունները Սամվել Կարապետյանի նկատմամբ.
«ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա ապազգային ռեժիմի հենարան ոստիկանության ապօրինի և անմարդկային գործողությունները՝ ընդդեմ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։ Բանականության և բարոյականության բոլոր սահմանները հատած, հայ ազգի և ազգայինի հանդեպ անսահման ատելությամբ տառապող Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ՝ թիրախավորելով ազգային ինստիտուտներն ու արժեքները։ Հայկական մշակույթի համար օտար և անհարիր բառապաշարով փորձ է արվում արժեզրկել հայկականի հետ կապված ամեն ինչ՝ տրորելով բոլոր կարմիր գծերը։ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի թշնամական գործելակերպը և կոչ է անում ՌԴ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններին չմնալ անտարբեր, դատապարտել ՀՀ օրվա իշխանության և դրա պարագլուխ Փաշինյանի ապազգային գործունեությունը, ջանք չխնայել կասեցնելու նրա ռեժիմի հակահայ քաղաքականությունը։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ Մոսկվա, 17 հունիսի 2025», – ասվում է հայտարարության մեջ: