
Թուրքական իշխանը ներմուծվել և վերաարտահանվել է ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ․ «Հետք»
Իրանական ձկան ներմուծման և վերաարտահանման խոչընդոտը չհաղթահարած՝ հայ ձկնարտադրողները նոր մրցակից ունեն։ Հիմա էլ հայ արտահանողներից ոմանք սկսել են Թուրքիայից ձկնամթերք ներմուծել Հայաստան և վերաարտահանել ՌԴ որպես հայկական արտադրության ձուկ. այս մասին գրում է «Հետք»-ը։
Մեր ձեռքի տակ են հայտնվել Թուրքիայից Հայաստան ներմուծված ծիածանափայլ իշխանի, ինչպես նաև Հայաստանից ՌԴ արտահանված խմբաքանակների փաստաթղթերը։
Համաձայն Թուրքիայից գնված խմբաքանակի մայիսի 8-ի հաշիվ-ապրանքագրի՝ հայկական «Գլոբալ ֆիշ» ՍՊ ընկերությունը Փոթի նավահանգստով ներմուծել է 13079 կգ իշխան, որի արժեքը կազմել է 84 719 դոլար։
Այս բեռի մեջ մտել են ծիածանափայլ իշխան տեսակի պաղեցրած, փորոտիքը մաքրած, գլխով ձկները։
Մասնավորապես՝
- 501,35 կգ պաղեցված 1-1,5 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան,
- 1 951, 73 կգ պաղեցրած 1,5-2 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան
- 10 626,65 կգ պաղեցրած 2-3 կիլոգրամանոց ծիածանափայլ իշխան։
«Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի մայիսի 11-ի հաշիվ-ապրանքագրից տեղեկանում ենք, որ բեռն ուղարկող ընկերությունը, այսինքն՝ նույն «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն վաճառել է ռուսաստանյան «ՍԿԴ» ՍՊԸ-ին 13 079 կգ ծիածանափայլ իշխան՝ 8 775 566 ռուբլի արժեքով, և հստակ նշվում է, որ այդ խմբաքանակի արտադրողը «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ն է։ Այս խմբաքանակի մեջ մտել է Թուրքիայից ներմուծված նույն ձկնատեսակները՝ նույն ծավալով։
Մայիսի 12-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնաբուժական սերտիֆիկատով թույլատրել է 12 322 կգ նույն ձկնատեսակի արտահանումը (բրուտտո քաշը՝ 15400 կգ, այսինքն՝ տարայով) ՌԴ՝ ծագման երկիրը Հայաստան նշումով։ Այստեղ արդեն արձանագրվել է, որ այս խմբաքանակի արժեքը 8 118 086 ռուբլի է։
Մայիսի 15-ին այս խմբաքանակը հատել է Բագրատաշենի անցակետը, իսկ 17-ին՝ Վերին Լարսի անցակետը և մտել ՌԴ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։