
Ցավում եմ և դատապարտում շրջափակումը․ Մակրոնը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական
Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի հարցում նա ընդգծել է Ֆրանսիայի
դերը, որը ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար։
Ստորև ներկայացված է հարցազրույցից մի հատված․
– Դուք խոսեցիք ավելի լայն Եվրոպայի մասին՝ ընդհուպ մինչև
Կովկաս… 2020 թվականին դուք հայտարարում էիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի
վերանվաճումն անթույլատրելի է։ Ութ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում
այս տարածաշրջանի նկատմամբ։ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը
որակում է որպես ցեղասպանություն սովի միջոցով: Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում
այս ուղղությամբ։
– Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության
ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք,
որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ
է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան
հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական
գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի
միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա
տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն:
Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային
իրավունքին։
– Չնայած նրան, որ միջազգային փորձագետները փաստում են
ցեղասպանական գործընթացի առկայությունը․․․
– Ես ձեռնպահ կմնայի այդքան արագ այդ ձևակերպումն օգտագործելուց։
Մենք գործ ունենք անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի
շուրջ։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն
է և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝
մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք
հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ
պահպանվի։ Բացի այդ, այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։