26 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար․ Վահե Հովհաննիսյան

Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային
նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում խոսել է Լաչինի միջանցքը միակողմանի
բացելու հավանականության վերաբերյալ երեկվա կառավարության նիստում հնչած հայտարարության
մասին։

«Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար
է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ…»։
Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։

Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։
Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո
սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին»,- գրել է նա։

Վահե Հովհաննիսյանը չի բացառել, որ այդ ծրագրերը
մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն.
Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք
մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է
հենց այդ ճանաչումից հետո։

Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝
փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել
բանակցողին։ Երբ ասում են, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է,
հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին
՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ
չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում»,- գրել է Հովհաննիսյանը։