16 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք դիմադրելու ենք՝ անկախ ամեն ինչից․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Telegraph – ին

Մենք դիմադրելու ենք՝ անկախ ամեն ինչից․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Telegraph – ին

Կարևոր է խոստովանել, որ Արցախի գլխավոր խնդիրը ոչ
այնքան հումանիտար աղետն է, որքան Արցախի Հանրապետության հայ բնակչության էթնիկ զտումների
և ցեղասպանության միտումնավոր քաղաքականությունը Ադրբեջանիկողմից, որն իրականացվում
է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին Telegraph հրատարակությանը տված հարցազրույցի
ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մարդասիրական աղետը այս քաղաքականության միայն մի մասն է։ Չնայած բոլոր դժվարություններին,
Արցախի 120.000 բնակիչները համառորեն դիմադրում են անհավանական արժանապատվությամբ։
Ստեղծելով հումանիտար աղետ՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում մարդկանց վրա, ովքեր դեռևս
Խորհրդային Միության փլուզումից առաջ օգտվել են ինքնորոշման իրավունքից և հռչակել անկախություն
մի պետությունից, որ մաս նրանք երբեք չեն եղել», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանը նշել է նաև, որ թշնամին լավ է աշխատում՝ փողի միջոցով ամբողջ աշխարհին հրամցնելով
ադրբեջանական վարկածները։

«Ադրբեջանը մեզ անվանում է «ահաբեկիչներ» և «անջատողականներ»՝ սա հորինված ներքին խնդիր
է, որը նրանք փորձում են լուծել ադրբեջանական օրենսդրության համաձայն։ Արևմուտքը ներկայիս
ճգնաժամն անվանում է հումանիտար։ Մենք դա անվանում ենք դիմադրության շարժում, որը սկսվել
է նույնիսկ ոչ թե 1988-ին, այլ շատ ավելի վաղ՝ 1920-ականներին, երբ ստեղծվում էր ԽՍՀՄ-ը,
իսկ հանրապետությունների սահմանները գծվում էին Ստալինի ու իր ընկերների կողմից»,-ընդգծել
է Վարդանյանը։

Միևնույն ժամանակ, նախկին պետնախարարը բարձր չի գնահատում նոր լայնամասշտաբ պատերազմի
հավանականությունը մոտ ապագայում։

«2020 թվականի իրադարձությունների համար ճիշտ պահ էր ընտրված․ ԱՄՆ-ում ընտրություններ
էին, համաճարակ էր, Թուրքիան կանգնած էր Ադրբեջանի թիկունքում։ Այսօր պայմաններն այլ
են։

Ադրբեջանը համարում է, որ արդեն իսկ տեր է Արցախին և ձգտում է հետագա ընդլայնման։ Նրանք
կարծում են, որ Լեռնային Ղարաբաղն արդեն իրենցն է (ըստ Ալիևի՝ հարցը լուծված է), և
ցանկացած ներխուժում, հաշվի առնելով, որ այստեղ ապրում է 30 000 երեխա, ավելի կսրի
իրավիճակը։ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներն արդեն իսկ արտահայտվում են ամենաբարձր
մակարդակով՝ նախագահ Ալիևի կողմից։ Նրանք, ովքեր կարծում են, որ Ադրբեջանին պետք է
միայն Լեռնային Ղարաբաղը, մեծապես սխալվում են. Բաքվի վերջին ագրեսիվ գործողությունները
հենց Հայաստանի դեմ ցույց են տալիս հակառակը։ Ալիևը խորապես համոզված է իր անպատժելիության
մեջ, հետևաբար իրեն թույլ է տալիս ուժ կիրառել կամ սպառնալ այն կիրառել։ Ադրբեջանական
լրատվամիջոցներն ամեն օր հող են նախապատրաստում դրա համար։ Բայց ադրբեջանցիների անհագ
ախորժակը վաղ թե ուշ կշրջվի իրենց դեմ», – ասել է Վարդանյանը։

Նախկին պաշտոնյան նշել է նաև, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը կարող է խթան
հանդիսանալ Հայաստանի և Արցախի մերձեցման համար։

Վարդանյանը նշել է նաև, որ հարցի ցանկացած ուժային և բռնի լուծման փորձ կհանդիպի դիմադրության։

«Դիմադրություն կլինի ցանկացած պարագայում։

Եվ այստեղ արժե ուշադրություն դարձնել սրա վրա՝ երբ հստակ ասում ես, որ պատրաստ ես
դիմադրել, պայքարել քո իրավունքների համար, և սրա հետևում մի ամբողջ ժողովուրդ է կանգնած,
հնարավոր է դառնում անսպասելի աջակցություն գտնել։ Պետք չէ նայել միայն Արևմուտքին
կամ Ռուսաստանին։ Մենք պետք է աշխատենք բոլոր կողմերի, այդ թվում՝ Արևելքի հետ, և համոզվենք,
որ համագործակցության այս հարաբերություններն ու դաշինքները առավելագույնս համապատասխանեն
մեր շահերին» , – նշել է Վարդանյանը։