Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր
խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, չեզոքության սկզբունքը
և ներգրավվում է քաղաքական գործընթացում` բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը,
այն է՝ փակ պահել Լաչինի։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Հայկական Կարմիր խաչի
ընկերությունը։ «Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում
է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական
հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։ Սա կոպիտ խախտում
է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև՝ մարդասիրական օրակագին։
Ներկա պահին Ադրբեջանը, նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել
ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային
Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ
Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։
Վերջինս առևանգվեց, երբ
գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ 2023 թվականի հուլիսի
26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի
Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը»՝ համոզելու Լաչինի միջանցքը
փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության
ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա,
ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման
գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:
Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի
Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների
անհապաղ իրականացումը։ Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային
ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ
մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝
ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման»,- ասված է ընկերության
հայտարարության մեջ։