Վերջերս Թուրքիայի ԳՇ պետ նշանակված Մեթին Գյուրաքը
մեղադրվում է խմբավորում ստեղծելու համար, որն ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո
զբաղվել է ազգային փոքրամասնություններին՝ հատկապես ոչ մուսուլմաններին թիրախավորելու,
հարձակումների ու սպանությունների կազմակերպմամբ։
Այս գաղտնի ջոկատի գոյության վրա լույս սփռող
ապացույցներ է հրապարակել Nordic Monitor-ը, որը հարյուրավոր իրավական փաստաթղթեր է
ուսումնասիրել։
Դրանք բացահայտում են թուրք բարձրաստիճան զինվորականի
իրական դեմքը, որը գերազանցել է լիազորություններն ու խախտել օրենքները։
Գյուրաքի գաղտնի ջոկատի հետ կապված ցնցող բացահայտումն
արվել է թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման պետի նախկին տեղակալ
Իբրահիմ Շահինի ցուցմունքների միջոցով։ Տխրահռչակ Շահինը դատապարտվել էր 1990-ականների
վերջին «հանուն արդարության» իրականացված սպանությունների համար։
2009-ի հունվարին ձերբակալված Շահինը Գյուրաքի
հետ իր շփումների մասին ցուցմունք էր տվել դատարանում՝ պատմելով, թե ինչպես է գաղտնի
հանդիպել Գյուրաքի հետ, երբ վերջինս գլխավոր շտաբի կապի բաժնի պետն էր:
Այդ ժամանակաշրջանում Գյուրաքը զբաղվում էր Թուրքիայում
ապատեղեկություն տարածող կայքերի ստեղծմամբ, որոնք հիմնականում զբաղվում էին Միացյալ
Նահանգների, Եվրամիության, հրեական և քրիստոնյա համայնքների դեմ արշավներ իրականացնելով։
Իր ցուցմունքում Շահինը բացահայտել էր, որ Գյուրաքն
իրեն հանձնարարել է հավաքել 150-300 անձից բաղկացած խումբ՝ «մահվան ջոկատ», որը պատասխանատու
էր լինելու սպանությունների, պայթեցումների և այլ բռնի գործողությունների համար։
Այս գործողության թիրախում փոքրամասնությունների
ներկայացուցիչներն էին, անհատներ, որոնք Թուրքիայի ներսում որպես սպառնալիք էին ընկալվում։
Շահինը հայտնել էր, որ իրենք հայերի դեմ գործողություն էին պլանավորում,
եթե ոստիկանությունը չձերբակալեր իրեն։
Շահինն ինտենսիվ կապ է պահել գեներալի հետ՝ նրան
տեղեկացնելով խմբավորման ներսում տեղի ունեցող զարգացումների մասին։ Գյուրաքի հանձնարարությամբ՝
հավաքագրվել էին բացառապես թուրքական էթնիկ ծագում ունեցող մարդիկ, որոնց հանձնարարված
էր Թուրքիայի ներսում «ներքին մաքրման» գործողությունների իրականացումը։
Դատարանի թույլտվությամբ արված գաղտնալսումներից պարզ է դարձել,
որ նրանք ներգրավված են եղել ավելի մեծ թվով դավադրությունների մեջ։ 2008 թվականի դեկտեմբերի
1-ին նույն գործով կասկածյալ Ֆաթմա Ջենգիզի հետ հեռախոսազրույցում Շահինը խոսել է
580 հայերի, հրեաների մասին և շահագրգռվածություն հայտնել նման ցուցակ ունենալու
հարցում։
Ստամբուլում և Անկարայում Շահինի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել
են փաստաթղթեր, ցուցակներ, որոնցում եղել նաև հայերի՝ այն
ժամանակվա Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Սիվասի հայ համայնքի
ղեկավար Մինաս Դուրմազ Գյուլերի անունները։