Կալանավոր, գործարար, Պուտինի խոհարար, խմբավորման առաջնորդ ու ապստամբ․ ո՞վ էր Պրիգոժինը
Լրատվամիջոցների թիվ մեկ թեման Տվերի մարզում
կործանված բիզնես ջեթն ու նրա գլխավոր ուղևոր Եվգենի Պրիգոժինն է։
Վերհիշենք՝ ո՞վ է Եվգենի Պրիգոժինն ու ինչպես ընդամենը մեկ օրում դարձավ լրատվամիջոցների
գլխավոր հերոսը կամ հակահերոսը։
Մինչև ուկրաինական պատերազմը նրա մասին շատ քչերը գիտեին, սակայն 2022 թվականի աշնանից
նա դարձավ գրեթե գլխավոր խոսնակն ուկրաինական ճակատից։
Պրիգոժինը Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն
էր, որը մեծ դերակատարում ունեցավ ուկրաինական պատերազմի ժամանակ։ Այն հիմնականում
բաղկացած էր նախկին ու ներկա դատապարտյալներից։ Սակայն ինչ-որ պահի ինչ-որ բան այնպես
չգնաց, ու Պրիգոժինը խնդիրներ ունեցավ ու որոշեց ապստամբել։
Մինչև պատերազմը Պրիգոժինը բավականին հաջողակ գործարար էր։ Իր բիզնես կարիերան սկսել
է բանտում, որտեղ կազմավորեց բանտարկյալների մի խումբ, որոնք զբաղվում էին ձեռագործ
հուշանվերների արտադրությամբ։
1990 թվականին բանտից դուրս գալուց հետո, 1993-ին խորթ հոր հետ հիմնում է արագ սննդի
կետերի ցանց։ 1995 թվականին համադասարանցին հրավիրում է նրան, որպես սուպերմարկետների
ցանցի մենեջեր, ավելին՝ 15 տոկոս մասնաբաժին է տալիս բիզնեսից։ Նույն թվականին Պրիգոժինը
սկսում է մի նախագիծ, որից էլ սկսվում է հաջողակ գործարարի նրա կարիերան։ Նա Պետերբուրգում
հիմնում է առաջին էլիտար ռեստորանը՝ «Старая Таможня», որտեղ ճաշում էին քաղաքի առաջին
դեմքերը։
Հետագայում արդեն Պրիգոժինը սկսում է ստեղծագործել ռեստորանային ոլորտում, հիմնում
է այնպիսի ռեստորաններ, ինչպիսիք են՝ «Русский китч», հրեական «Сеть сорок»,
«Блин!дональт’s» և այդպես շարունակ։
Իսկական հաջողությունը նրան ժպտաց, երբ նա հիմնեց New Island ռեստորանը։ 2001 թվականին
ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ էր անցկացնում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ բանակցությունները,
իսկ 2003-ին՝ Ջորջ Բուշ Կրտսերի հետ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պուտինն այնտեղ
էր նշում նաև իր ծննդյան տարեդարձները։
2000-ականներին Պրիգոժինը սկսեց զբաղվել քեյթերինգով ու միջոցառումների սպասարկումով,
ու անմիջապես հայտնվեց Կրեմլում։ Նրա ընկերությունն անգամ սպասարկում էր նախագահի երդման
արարողության բանկետները։
Ժամանակի ընթացքում նրա ընկերությունը սկսեց զբաղվել նաև դպրոցների սննդի մատակարարմամբ,
սկզբում Պետերբուրգում, հետո՝ Մոսկվայում։
Վերջին տարիներին նրան անունը թեև կապվում էր «ՉՎԿ Վագների» հետ, սակայն նա ամեն կերպ
հերքում էր դա։ 2022 թվականի աշնանը նա խոստովանեց, որ դա իր նախագիծն է, իսկ հերքումներն
արդարացրեց «կոնսպերատիվ անհրաժեշտությամբ»։
2023 թվականի հունիսի 23-ին Պրիգոժինը հայտարարեց, որ ՌԴ զինված ուժերը հրթիռակոծել
են Վագների դիրքերը։ Նա նշեց, որ 25 հազար զինյալների հետ գալիս է Մոսկվա՝ հասկանալու՝
ինչ է կատարվում։ ՌԴ ՊՆ-ն հերքեց նրա հայտարարությունը՝ այն անվանելով տեղեկատվական
սադրանք։ Պրիգոժինի զորքերը գրեթե առանց դիմադրության Ռոստովում գրավեցին Հարավային
ռազմական օկրուգի շտաբը։ 24 ժամում նրա զորքերը առանց որևէ դիմադրության մոտեցան Մոսկվայի
մատույցներին։ Այդ ընթացքում Պրիգոժինի հետ բանակացություններ էին վարում։ Դրանց
մասնակցում էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հունիսի 24-ին Պրիգոժինը
հայտարարեց, որ իր զորքերը վերադառնում են մարզական ճամբարներ, իսկ ինքը գնում է Բելառուս։
Երեկ Պրիգոժինը հայտարարել էր, որ արդարության մարշ է կատարելու։ Իր ընդվզումից ուղիղ
երկու ամիս անց կործանվում է այն ինքնաթիռը, որի ուղևորներից մեկն էլ ինքն էր։