
Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա
ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ,
ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի
ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում: Այս մասին գրել է «Հետք»-ը։
Դատախազությունից լրատվամիջոցին հայտնել են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն
և ծանոթացել գործի նյութերին:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ քանի միավոր գույք, ինչ չափի գումար է ենթակա բռնագանձման:
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրության նյութերն այս փուլում շարունակում
են մնալ գաղտնի, ինչով պայմանավորված՝ գույքերի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ
տրամադրել դեռևս հնարավոր չէ:
Միևնույն ժամանակ, դատախազությունից հայտնել են, որ դիմել են Հակակոռուպցիոն դատարան,
որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ
գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման
հետ կապված որևէ գործողություն կատարել: Որոշ իրավաբանական անձանց արգելվել է անշարժ
և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: Իսկ Գագիկ Ծառուկյանին
պատկանող այլ գույքի վրա դիմումով ներկայացված գումարի չափով արգելանք է դրվել: