23 Հուլ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
22.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում ադրբեջանցիների հետ կապված վերջին իրադարձությունները չպետք է դեմարշների պատճառ դառնան․ Պեսկով

ՌԴ-ում ադրբեջանցիների հետ կապված վերջին իրադարձությունները չպետք է դեմարշների պատճառ դառնան․ Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալություններին Ադրբեջանի արձագանքի մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է դեմարշների պատճառ դառնան։

 Նա ընդգծել է, որ Մոսկվան ափսոսում է Բաքվի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված միջոցառումները չեղյալ հայտարարելու որոշման համար:

 «Կարևոր է շարունակել աշխատանքը՝ բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար», – ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի միջև զրույց օրակարգում չկա։ «Մյուս կողմից՝ եթե անհրաժեշտ լինի, այն տեղի կունենա հնարավորինս կարճ ժամանակում», – նշել է Պեսկովը։

 Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկրում բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին՝ ռուսական պետական և մասնավոր հաստատությունների կողմից։ Բացի այդ՝ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել էր իր մասնակցությունը Միլի Մեջլիսի (խորհրդարան) հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հարցերով Մոսկվայում նախատեսված նիստին։ Նման որոշումների պատճառը Եկատերինբուրգում իրավապահ մարմինների գործողություններն էին, որոնք դադարեցրել էին էթնիկ խմբի գործունեությունը։ Բաքուն բողոք է հայտնել անվտանգության ուժերի գործողությունների վերաբերյալ՝ պնդելով, որ խուզարկությունների ժամանակ սպանվել է երկու ադրբեջանցի, իսկ մի քանի մարդ վիրավորվել է։

Ռազմագերիներ