Ռուսական «Մեդուզա» լրատվական պորտալը ներկայացրել է Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ
ուղևորվող բիզնես ջեթի կործանման մասին վարկածները, որոնք խիստ տարբերվում են միմյանցից։
Հիշեցնենք, որ ինքնաթիռի ուղևորների մեջ է եղել «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար
Եվգենի Պրիգոժինը։
BBC-ի ռուսական ծառայության ռազմական վերլուծաբան Իլյա Աբիշևը նշում է, որ ելնելով
կադրերից, ինքնաթիռը լիովին անկառավարելի վիճակում էր հայտնվել։
«Սա հարթ պտույտ կամ սուզում չէ, որի մեջ ինքնաթիռը կարող է ընկնել օդաչուի սխալի պատճառով:
Ինքնաթիռը այսպես ընկնում է միայն հիմնական կառավարման համակարգերի ամբողջական և հանկարծակի
ոչնչացման դեպքում» , – ասել է վերլուծաբանը։
«Վագներ» ռազմական խմբավորման հետ կապված Grey Zone տելեգրամյան ալիքը ինքնաթիռի կործանման
համար մեղադրել է ՌԴ ՊՆ-ին։
«Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ ենթակայության տակ գտնվող ՀՕՊ համակարգի կրակից։ Տեղի բնակիչները
ինքնաթիռի ընկնելուց առաջ լսել են ՀՕՊ-ի կրակին բնորոշ ձայներ և դա հաստատում են երկնքում
ինվերսիոն հետքերը, որոնք երևում են տեսանյութերից մեկում, ինչպես նաև անմիջական ականատեսների
խոսքերը», – ասված է տելեգրակյան ալիքի մեկնաբանության մեջ։
Ռազմական փորձագետ Յուրի Ֆյոդորովը այլ կարծիքի
է․
«Եթե այն խոցված լիներ ՀՕՊ հրթիռով, ապա տեսանյութում ծխի հետք կերևար, ես դեռ հետք
չեմ տեսել։ Եթե այն այդպես ընկնում է, ուրեմն օդանավում կարող է պայթյուն տեղի ունեցած
լինի կամ այն ինչ կարելի է անվանել ահաբեկչություն։ Տեղի է ունեցել կառավարման համակարգերի
ամբողջական խափանում, դա կարող է տեղի ունենալ օդանավի ներսում պայթյունի հետևանքով,
որն ընդհանուր առմամբ տրամաբանական է», – ասել է Ֆյոդորովը։
Դեպքին անդրադարձել է նաև «Рыбарь» պրոռազմական տելեգրամյան ալիքը։
«Հանձնաժողովը կուսումնասիրի վթարի պատճառները։ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու
թռչող սարքերի մշտական գրոհների ֆոնին որպես հիմնական կարող է ընտրվել (ՀՕՊ հրթիռի) սխալ
արձակման տարբերակը»,- նշում է տելեգրամյան ալիքը։