
Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ականազերծման ոլորտում
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը հանդիպել է Ադրբեջանի ականազերծման գործակալության նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդասիրական ականազերծման ոլորտում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները։
Դիվանագետը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել այս ոլորտում համագործակցությունը խորացնելու ապագա գործնական քայլերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտաարել էր, որ Կիևը կանի ամեն ինչ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները բորբոքելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նա Ուկրաինայի աջակցությունն է հայտնել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը, իբր, «սպառնում է» Ադրբեջանին։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանում ձերբակալված իր քաղաքացիների շահերը և կօգտագործի դրա համար բոլոր հասանելի միջոցները: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ադրբեջանին: