ԱՄՆ-ն հերքում է լուրերը, թե խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունմանը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում
հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։
Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով
«Արմենպրես»-ի հարցին։
«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի
նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։
Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ
Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են»,-հայտնել
են դեսպանատնից։
Նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է խորապես մտահոգված լինել Լեռնային
Ղարաբաղի հումանիտար իրավիճակով և Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ
բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։