26 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղդամի ճանապարհի տեխնիկական գործարկումն այլ հարց է, բայց այն Բերձորի ճանապարհի այլընտրանքը լինել չի կարող․ Դավիթ Բաբայան

Աղդամի ճանապարհի տեխնիկական գործարկումն այլ հարց է, բայց այն Բերձորի ճանապարհի այլընտրանքը լինել չի կարող․ Դավիթ Բաբայան

Մենք ունենք ընդհանուր մոտեցում, որ Բերձորի միջանցքը չի կարող
փոխարինվել Աղդամի ճանապարհով․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արցախի
նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը,
թե Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ Աղդամի ճանապարհով
առևտուր անելու որոշում է կայացվել։

«Մամուլում շրջանառվող քննարկմանը ես չեմ մասնակցել և ունեմ 
հստակ դիրքորոշում, այն է՝ Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել կամ այլընտրանք լինել 
Բերձորի միջանցքին, սա միանշանակ է»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով, եթե Աղդամի ճանապարհը դարձավ այլընտրանք, ապա նշանակում
է որ չի լինի Բերձորի միջանցք։

«Այդ դեպքում, մենք կհայտնվենք շատ ավելի վատ վիճակում, որովհետև
կտրված ենք լինելու աշխարհից, Հայաստանից։ Բերձորի միջանցքը լոկ լոգիստիկ ճանապարհ
չէ, դա քաղաքական, իրավական հատուկ կարգավիճակ ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ
պայմանագրի դրույթների համաձայն։ Ազատ ելումուտի, ինչպես նաև բեռնափոխադրման երաշխավորը
ՌԴ-ն է։ Հիմա Աղդամի ճանապարհն ի՞նչ կապ ունի Բերձորի միջանցքի հետ»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին,
եթե տեղի ունենա փոխարինում, ապա դա Արցախի համար աղետալի կլինի։

«Աղդամի ճանապարհի տեխնիկական գործարկումն այլ հարց է, բայց որպես
Բերձորի ճանապարհի այլընտրանք գոյություն ունենալ չի կարող»,- ընդգծեց Բաբայանը։