Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև
ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում. Ֆեյսբուքյան իր էջում գրել
է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով
մարդիկ կան, ովքեր 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի
է:
Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար
դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի:
Գործել` ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող
խնդիրներին լուծումներ փնտրելը, այլ նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով
դրանց առանձնացումն ու մեղմումը»,-գրել է նա։
Տիգրան Աբրահամյանն ընդգծել է՝ մարդիկ հացի ու գոյության խնդիր
ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության
հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման
շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել:
«Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող
կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով
և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել»,-գրել է Աբրահամյանը: