
3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կարապետյանին աջակցող ցույցին հարկադրաբար և նյութական շահով մասնակցելու համար. ՔԿ
Քննչական կոմիտեն պնդում է, որ բացահայտել է հուլիսի 4-ին ի աջակցություն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր, 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին», – նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հուլիսի 8-ին շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում, ինչպես նշում է կոմիտեն, հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար:
Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):