Ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքին այլ գործողություններ չեն լինի
Սեպտեմբերի 2-ին, ժամը
18։00-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում։
Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։
Արդեն 9 ամիս է՝ Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ ու դիմադրում է թշնամուն։
9 ամիս շարունակ Երևանում այդ պատկերին համապատասխան գործողություն կամ բողոքի ակցիա
դեռևս չի կազմակերպվել։ Մենք սեպտեմբերի 2-ին ցանկանում ենք համախմբել Արցախի հարցով
մտահոգ մեր հայրենակիցներին, որպեսզի բողոքի ձայն բարձրացնենք ամբողջական անմարդկային
շրջափակման դեմ, որ այդ օրը մեր ձայնը միանա Արցախի մեր հայրենակիցների ձայներին։ Մենք
պետք է արցախցիներին ասենք, որ իրենք մենակ չեն, ու մենք գիտենք, որ իրենք այսօր պայքարում
են նաև մեր համար»,-այս մասին ABC Media-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, դաշնակցական
Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ սեպտեմբերի 2-ին նախատեսված
է միայն այդ հանրահավաքը, այլ գործողություններ չեն լինելու։
«Մենք ցանկանում ենք դրանով փաստի վրա ուշադրություն
հրավիրել ու Արցախին ասել, որ ինքը մենակ չէ։ Հենց բողոքի արտահայտությունն այս փուլում
բավական կարևոր է»,-եզրափակեց Վարդանյանը։