Հոգեբանական տեռոր՝ Արցախ-Հայաստան ճանապարհին. Բաքուն թիրախավորել է երիտասարդ հայ աղջկան
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին Արցախից Հայաստան
անցնող մեր հայրենակիցների տեսանյութերով, որոնցում ադրբեջանցիները հոգեբանական բռնության
են ենթարկում արցախցիներին։ Առաջին տեսանյութը, որն աղմուկ բարձրացրեց նաև համացանցի
հայկական տիրույթում, ադրբեջանական մի քանի լրատվամիջոցի հարցազրույց տվող երիտասարդ
աղջկա մասնակցությամբ էր:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, հորդորում է հանգիստ թողնել երիտասարդ
աղջկան։
«Միայն այդ աղջիկը՝ չէ, կողքը կանգնած աղջկան
էլ եթե ուշադիր, որ նայեք, կհասկանաք, որ իրավիճակը լարված է։ Բայց ի՞նչ էին սպասում
մարդիկ, ի՞նչ պետք է ասեր այդ աղջիկը։ Պիտի կոնֆլիկտ սարքե՞ր, պիտի ասե՞ր, որ ադրբեջանցիները
մեր թշնամիներն են։ Այդ աղջիկը նպատակային է անցնում Բերձորի անցակետով և պետք է որոշակի
պատասխաններ տար, որն էլ արել է։ Ես ոչ մի ավելորդ բան չեմ տեսնում»,- ABC Media-ի
հետ զրույցում նշեց Միհրդատ Մադաթյանը։
Հոգեբանի խոսքով՝ պետք է պատկերացնենք, որ
բոլորը հերոսներ չեն։
«Այդ աղջիկը եկել, հասել էր անցակետ՝ հստակ
չիմանալով գերի է ընկնելու, թե ինչ է լինելու, և հենց այդ պահին ադրբեջանցի լրագրողը
հարցեր է տալիս։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը ո՞նց կպահեր իրեն»,-նշեց մասնագետը։
Նա խորհուրդ տվեց մի կողմ թողնել «հիմար քննադատությունները».
տաքուկ անկյունում, սեփական տանը նստած չի կարելի քննադատել Արցախի երեխաներին, դա
բարոյական չէ։
Վերլուծաբան Դավիթ Կարաբեկչյանը ևս կարծում
է, որ աղջիկը վախեցած է եղել։ Ըստ Կարաբեկչյանի՝ զինված ադրբեջանցի սահմանապահներին
տեսնելով, աղջնակը չի ընկալել, թե ինչ է կատարվում իր շուրջը։
«Սա հոգեբանական պահ է, երիտասարդ աղջիկ է,
գնում է ուսման ու հենց իր նպատակին մեկ քայլ է մնում, իրենից սկսում են հարցազրույց
վերցնել ադրբեջանական լրատվամիջոցները։ Ընդ որում՝ այս ամենի ընթացքում իր կողքը կանգնած
են զինված ադրբեջանցիներ։ Մանավանդ Վագիֆ Խաչատրյանի դեպքից հետո վախեր կան»,-ասաց
վերլուծաբանը։
Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկում
էլ տեսանյութ է տարածվել, որտեղ արցախցի կինը անցակետն անցնում է պայուսակով, որի վրա
պատկերված է Արցախի քարտեզը և դրոշը։ Փաստն, իհարկե, բարկացրել է ադրբեջանցի զինվորականներին։
Վերջիններս կնոջը զգուշացրել են՝ հաջորդ անգամ չեն հանդուրժի:
Վերլուծաբան Դավիթ Կարաբեկչյանը այս դեպքը ևս համարում է հոգեբանական
բռնություն։ «Միանշանակ դա հոգեբանական բռնություն է։ Այդ
կինը, թեկուզ ձևականորեն, բայց կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, արգելված բան
չի տեղափոխում, բայց իրեն կանգնեցրել են»,-ասաց Կարաբեկչյանը։