
Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լուծվեն՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ուղիները․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը իրավապահ մարմինների միջոցով կապ է պահպանում Ադրբեջանի հետ ՝ հանրապետությունում ձերբակալված ռուս լրագրողների հետ կապված իրավիճակի վերաբերյալ/ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ուղիները: Սա այն մոտեցումն է, որն իրականում ծառայում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», – նշել է նա։
Հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են անցկացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Սպուտնիկ Ադրբեջանի» ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: «Սպուտնիկի» խմբագրական խորհուրդը հայտնել է, որ իրենք Ադրբեջանում աշխատելու որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, և որ հնարավոր տարաձայնությունները լուծելու համար երկխոսություն է ընթանում աշխատանքային խմբերի մակարդակով։ Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին։