11 Հուլ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած «Հրաչը»՝ Վաչե Մարգարյանը

Միքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած «Հրաչը»՝ Վաչե Մարգարյանը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։

Նշենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռևս 2018թ հուլիսի 27-ին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի՝ ոմն «Հրաչի» մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։

Ըստ ձայնագրության՝ դատավորն իբրև վախեցած է եղել, իրեն էլ ասել են՝ «դուխով», ուզես, թե չուզես՝ պետք է տաս կալանավորում։ Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման հաջորդ օրը դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային զրույց չի ունեցել։ Գաղտնալսման առնչությամբ ԱԺ-ում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի շրջանակներում դատավորը հայտարարել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն փաստն այն էր, որ նա կալանավորելու թույլտվություն էր տվել մի մեղադրանքով, որը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական։ Վաչե Մարգարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից Վերաքննիչ քրեական դատարան է տեղափոխվել 2023թ․ նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ռազմագերիներ