Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Կանադայի
նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել
նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը
կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Հայաստանի առջև ծառացած
անվտանգային, Արցախից տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, Արցախի
հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային
հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ մեր ժողովուրդը կկարողանա դուրս
գալ ստեղծված ծանր կացությունից։