Ինչու՞ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին Արցախի հարցով որևէ փաստաթուղթ չընդունվեց․ ԱԳՆ պարզաբանումը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն
չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում․
այս մասին, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության
դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական)
անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի»,-պարզաբանել
է նա։
Նա նշել է, որ այդքանով գործընթացը չի ավարտվել,
այն շարունակական է լինելու։
«Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական,
երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն,
համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը,
առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու
նպատակով»,-ասել է ԱԳՆ խոսնակը։
Հարցին՝ ինչո՞ւ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել
«ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության
խորհրդի նախագահին» խորագրի ներքո, ինչու՞ նոր նամակ կամ դիմում չէր հղվել, Անի Բադալյանն
արձագանքել է․ «2022թ.
սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով
Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան
օրակարգային կետ՝ Ձեր կողմից նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ-ում և
ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ
մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով»։