
Կյանքից է հեռացել Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը
Այսօր կյանքից է հեռացել «Արցախի այաներ» համույթի անդամ, Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը. հայտնում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ից.
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է «Արցախի այաներ» համույթի անդամ, ԱՀ վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը:
Նրա ներկայությամբ Արցախի այայի կերպարը վեր էր ածվում կենդանի խորհրդանիշի՝ խոհեմության, մայրական ջերմության, կորովի ու ուժի։
Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։
Անահիտ Հովսեփյանի կորստով մենք զրկվում ենք ոչ միայն համույթի անդամից, այլ մի ամբողջ մշակութային կերպարից, որը հանդիսատեսի և մեր սրտերում մնալու է որպես Արցախի հոգեղեն այա։
Սրտանց ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, բոլոր բարեկամներին ու համակիրներին», – ասվում է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: