17 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին

Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի:

Հանդիպմանը տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ՀԲԸՄ երիտասարդական նախագծերի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Ֆոկուս» ծրագիրն այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և համախմբել է շուրջ 4000 երիտասարդ հայ արհեստավարժների աշխարհից տարբեր կողմերից՝  նպատակ ունենալով ստեղծել համախոհների ցանց, ընդլայնել անձնական ու մասնագիտական կապերը և ընդգրկել ՀԲԸՄ համաշխարհային գործունեության մեջ։ Տիար Յակուբյանը նաև իր երախատգիտությունը հայտնեց Հայոց Հայրապետին ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու և աշխատաժողովը Մայր Աթոռում իրականացնելու հնարավորության համար, ինչն էլ ավելի կամրապնդի երիտասարդների կապը Հայոց Եկեղեցու հետ և կնպաստի ազգային ինքնության վերարժևորմանն ու զորացմանը։

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ՀԲԸՄ կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում բնակվող հայորդիները հնարավորություն են ստանում մեկտեղվելու հայրենիքում, շփվելու միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակելու՝ ի նպաստ ՀԲԸՄ առաքելության արդյունավորման և ի պայծառություն հայրենիքի։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված սերտ կապերին ու փոխգործակցությանը՝ կարևորելով Միության անուրանալի ներդրումը Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` առավել նախանձախնդիր լինելու ազգայինն արժեքներին ու սրբություններին և իրենց ներդրումը բերելու հայ կյանքին։

Վերջում Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին ազգային-եկեղեցական կյանքում և հայրենիքին օգտակարություն բերելու գործում ներշնչվել ՀԲԸՄ երախտարժան նախագահների ու կենտրոնական վարչության անդամների գովելի օրինակով, իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնել ազգային կյանքի պայծառությանը։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին երիտասարդների ներգրավվածությանը եկեղեցական կյանքում, հոգևորականների պատրաստությանն ու ծառայությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին։

Ռազմագերիներ