
Air India-ի ինքնաթիռի ձայնագրությունը կործանման հնարավոր պատճառն է բացահայտել
Անցյալ ամիս կործանված Air India ավիաընկերության ինքնաթիռի երկու օդաչուների միջև զրույցի ձայնագրությունը հաստատում է այն տեսակետը, որ հրամանատարը կտրել է ինքնաթիռի շարժիչների վառելիքի մատակարարումը․ գրում է Reuters գործակալությունը։
Boeing 787-ի երկրորդ օդաչուն հրամանատարին հարցրել է, թե նա ինչու է վառելիքի անջատիչները բերել այնպիսի դիրքի, որը շարժիչներում վառելիքի պակաս է առաջացնում, և խնդրել է նրան վերականգնել վառելիքի մատակարարումը․ Reuters-ին հայտնել է իր աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով, քանի որ գործը դեռևս քննության փուլում է։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում թռիչքից րոպեներ անց կործանվել էր Air India ավիաընկերության ինքնաթիռը․ վթարի հետևանքով զոհվել էր 260 մարդ։