
Ճապոնիայի վարչապետը խոստացել է մնալ պաշտոնում՝ չնայած ընտրություններում կրած ջախջախիչ պարտությանը
Ճապոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը, սակայն վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի․ գրում է BBC-ն։
Իշխող կոալիցիային անհրաժեշտ էր 50 տեղ՝ 248 տեղանոց վերին պալատի վերահսկողությունը պահպանելու համար։ Արդյունքում այն ստացել է 47 տեղ։
Նշվում է, որ ընտրություններն անցկացվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և նրա կրտսեր գործընկեր Կոմեիտո կուսակցության համատեղ կոալիցիայի նկատմամբ ժողովրդական հիասթափության ժամանակաշրջանում՝ կապված երկրում գնաճի և ԱՄՆ մաքսատուրքերի սպառնալիքի հետ։
Կիրակի ընտրատեղամասերի փակվելուց հետո ելույթ ունենալով՝ վարչապետ Իշիբան նշել է, որ նա «հանդիսավոր կերպով» ընդունում է «դաժան արդյունքները», բայց իր ուշադրությունը կենտրոնացած է առևտրային բանակցությունների վրա։
Նշվում է, որ անցյալ տարի Ճապոնիայի ավելի հզոր ստորին պալատում իշխող կոալիցիան արդեն իսկ կորցրել էր իր մեծամասնությունը։