
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են հուլիսի 24-ին․ TACC
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 24-ին․ հայտնել է TACC-ի աղբյուրը։
«Հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին, պատվիրակությունները կարող են Ստամբուլ ժամանել 23-ին», – ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին և տեղի կունենա Թուրքիայում։
Զելենսկին իր տեսաուղերձում նշել է, որ ռուսական կողմին այս շաբաթ բանակցությունների նոր փուլ անցկացնելու առաջարկի մասին հայտարարել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։