
Չինաստանը սկսում է աշխարհի ամենամեծ ամբարտակի կառուցումը, ինչը մտավախություններ է առաջացնում Հնդկաստանում
Չինաստանի իշխանությունները սկսել են Տիբեթի տարածքում կառուցել աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, ինչը մտահոգություններ է առաջացրել Հնդկաստանում և Բանգլադեշում․ գրում է BBC–ն։
Նշվում է, որ Չինաստանի վարչապետ Լի Ցյանը շաբաթ նախագահել է Յարլունգ Ցանգպո գետի վրա շինարարության մեկնարկի արարողությունը։ Գետը հոսում է Տիբեթյան սարահարթով։ Նախագիծը քննադատության է արժանացել գետի հոսանքն ի վար ապրող միլիոնավոր հնդիկների և բանգլադեշցիների, ինչպես նաև շրջակա միջավայրի և տեղացի տիբեթցիների վրա իր հնարավոր ազդեցության համար։
Պեկինը պնդում է, որ մոտ 1.2 տրիլիոն յուան (167 միլիարդ դոլար) արժողությամբ ծրագիրը առաջնահերթություն կտա էկոլոգիական պաշտպանությանը։ Ավարտից հետո նախագիծը, որը հայտնի է նաև որպես Մոտուո հիդրոէլեկտրակայան, կգերազանցի Չինաստանում գտնվող Երեք կիրճերի ամբարտակին և կկարողանա արտադրել երեք անգամ ավելի շատ էներգիա։