
Ինչ եփեմ՝ պետք է առանց դժգոհելու ուտեն, թե չէ պատկերացնու՞մ եք 9 կաթսա գազօջախին․ Դսեղի համարձակ ու մեծ ընտանիքի փոքրիկ պատմությունը
«Դավիթ, արի, նկարվում ենք։ Դավի՜թ։ Մամ, չի գալիս»,- երեք եղբոր խոսակցություն է, որ սկսվում է տեսախցիկը տեսնելուց հետո։
Դավիթը Դսեղ գյուղում ապրող բազմազավակ ընտանիքի 3-րդ տղան է, 4-րդ զավակը։
«Դավիթ, դե կարգին կանգի՛ր, Երևանից են եկել մարդիկ»,- զգաստացնում է 5 երեխայի մայր Անուշ Ղազարյանը, բայց Դավիթն անդրդվելի է․ մանկապարտեզի հագուստով նախ նստում, հետո պառկում է խոտերին։ Թաքուն նայում է տեսախցիկին ու շարունակում լռել։ Փոխարենը ավագ եղբայրները ներկայանում են, շփվում ու արտասանում։
«Ես տան մեծ տղան եմ՝ Սամվելիկ է անունս»: «Ես Էրիկն եմ։ Ամենաշատը սիրում եմ Դավոյին»։
Անուշ Ղազարյանի առաջնեկը Նարեն է։ Երեխայի սեռը չգիտեին․ սկեսուրը երեք տղայի և երեք աղջկա անուն է գրել թղթին, ընտանիքի բոլոր անդամները Նարե անունն են ընտրում։
«Երկրորդ երեխայիս անունը Սամվել է՝ ի պատիվ ամուսնուս հոր։ Երրորդը՝ Էրիկ, չորրորդը Դավիթն է, հինգերորդը՝ Տիգրանը։ Ամենաչարաճճին Դավիթն է, ամենախելացին՝ Սամվելը։ Նրանց հինգին էլ վագոն֊տնակում եմ ունեցել»,- պատմում է Անուշը։
Երկու տարի առաջ են տեղափոխվել կիսակառույց քարե տուն, որտեղ հատակը ցեմենտապատ է՝ գորգով ծածկված։ Ամբողջ օրը տնային տնտեսուհու աշխատանք է անում․ մաքրում տունը, ճաշ եփում, երեխաներին մանկապարտեզ, ամուսնուն աշխատանքի է ճանապարհում։ Ամենասիրելի պահը, ինչպես Անուշն է ասում, Տիգրանին քնեցնելու և սկեսրոջ հետ զով տեղում սուրճ խմելն է։
«Մեր տանը համերաշխությունն է ամենամեծ ձեռքբերումը։ Հարս-սկեսուր հարաբերությունները խորթ են ինձ։ Մենք իրար օգնում ենք, ով, ինչ հասցնում, անում է»,- ասում է բազմազավակ մայրը։
Անուշի սկեսուրը՝ Սուսաննա Հարությունյանը, ավելի քան 20 տարի է վագոն֊տնակում ապրել․ մինչև 1988-ի երկրաշարժը նորմալ պայմաններ ունեին, դրանից հետո կյանքը փոխվել է 180 աստիճանով։
«Տնակում ու վրանում ենք ապրել, մինչև քարը քարին դնելով տուն կառուցենք։ Շատ ենք չարչարվել։ Պետությունը, որ մեզ օգներ, այս վիճակում չէինք լինի»,- ասում է Սուսաննան։
Նա էլ երեք երեխա է մեծացրել տնակում, բոլորին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տվել։ Հիմա էլ գումար են հավաքում՝ թոռների կրթության համար։
«Որքան էլ ապրելու միջոցները քիչ լինեն, մարդ պետք է ուսման համար գումար գտնի։ Կրթությունը կարևոր է։ Թոռներս արդեն Smart կենտրոն են հաճախում, իրենց հետ գնում եմ, դասընթացներին հետևում: Նարես արդեն «վիզա քարտ» ունի, որի միջոցով բոլոր կուրսերին կարող է մասնակցել»,- պատմում է Սուսաննան։
Ամբողջ օրը հոգսի ու աշխատանքի մեջ թաթախված երկու կանայք ինչո՞վ են ուրախանում։
«Մենք շնորհակալ ենք մեր ունեցածի համար, քիչ ենք բողոքում, բամբասում։ Ճիշտ ա, երեխաները շատ են չարչարում, բայց մենք անտեղի չենք բարկանում իրենց վրա, խոսում ենք, հասկացնում։ Մեր ընտանիքում մարդկանցից շատ սերն ու ներողամտությունն է»,- պատմում է Սուսաննա Հարությունյանը։
Բազմանդամ ընտանիքը ինը հոգուց է բաղկացած։ Նրանց հաց պատրաստելու, թխելու արարողությունը նման է հարսանիքի պատրաստվելուն, իսկ հարսանիքում ուրախությունն անպակաս է՝ կատակում են։
«Երեխաներին սովորեցրել եմ․ ինչ դնում ենք սեղանին, առանց բողոքելու ուտում եք։ Թե չէ պատկերացնու՞մ եք բոլորին հարցնես՝ ի՞նչ կուտես։ Մի ամբողջ օր խոհանոցից դուրս չես գա»,- ասում է Անուշ Ղազարյանը։
Լոռվա Դսեղում տնից բացվող տեսարանն ամեն ինչ արժե․ հեռվում սարերն են, մոտ՝ երիցուկները, որ անգամ թեթև քամուց օրորվում են, պառկում կանաչ խոտին ու նորից ուղիղ կանգնում՝ ձգվելով դեպի արևը։ Այդ տեսարանին կից ապրող ընտանիքը պետական աջակցության ու ուշադրության կարիք ունի։