
Պիտի միայնակ մնան այդ խայտառակության հրապարակում. հոգևորականը՝ Փաշինյանի նախաձեռնած շարժման մասին
Ով դուրս է գալիս եկեղեցու դեմ, դուրս է գալիս իր ժողովրդի դեմ, ժողովրդի դեմ դուրս եկողը զրկում է իր ժողովրդին Աստծո օրհնությունից, որովհետև այդտեղ բարիք չկա. ABC media-ի հետ զրույցում ասել է Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրն էր ներկայացրել:
«Նախ այս ամբողջ շարժումը, որ նախաձեռնվել է իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից, ազգադավ, եկեղեցու դեմ մարտի տանող շարժում է, որն ինքնին չունի որևէ հիմք և իրավասություն՝ գոյություն ունենալու։ Ցավոք, մենք ականատես ենք մեզ մատուցվող դուալիզմի․ մերթ վարչապետի անունով է հանդես գալիս անձը, մեկ հանդես է գալիս իր անունով։ Շատերը սկսել են չհասկանալ, թե ում հետ գործ ունեն՝ վարչապետի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Եթե իբրև վարչապետ է հանդես գալիս, ապա դա իր լիազորությունները գերազանցում է և բնավ իրավունք չունի, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից։ Պետությունն, այս իմաստով, պարտավորություն ունի չմիջամտելու եկեղեցու գործերին և կենսագործունեությանը։ Եթե հանդես է գալիս որպես Նիկոլ Փաշինյան՝ ինքը ևս իրավասություն չունի, իբրև աշխարհական մեկը, նման հարցերի մեջ մտնելու»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Տեր Վահրամ քահանան։
Հոգևորականի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Հայ եկեղեցու հավատացյալ, ապա նախ պետք է բերի բոլոր հավաստագրերը, որ ինքն իսկապես Հայ եկեղեցու անդամ է։
«Եթե հայ եկեղեցու անդամ է, ապա պիտի ենթարկվի Հայ Առաքելական եկեղեցուն։ Ինչ էլ, որ ձեռնարկի, պիտի լինի կանոնական մտածողության մեջ լինի, ոչ թե նման շարժումներ սկսի։ Սա Հայ Եկեղեցու հետևորդների շարժում չէ, ընդհակառակը՝ սա հակաեկեղեցական շարժում է, որովհետև իրական հետևորդների շարժումը չի կարող վնասել եկեղեցուն»,- նշել է նա։
Տեր Վահրամն ասում է՝ ցանկալի չէ մեկնաբանել այն դատողությունները, որն անում է Փաշինյանն՝ առանց տիրապետելու եկեղեցու կանոնակարգերին ու եկեղեցական կյանքին։
«Այն, ինչ իրեն իբրև խորհրդատվություն մատուցում են կարգալույծ նախկին հոգևորականներն ու իր շրջապատը, բնավ իրականությանը մոտ չեն, համեմվում են կեղծ դրույթներով, զազրախոսություններով։ Առաջ են քաշվում դատողություններ, որոնք անընկալելի են։ Եկեղեցում բոլոր տեսակ ընտրությունները, բոլոր կառույցների գործունեությունները կանոնակարգվում են փաստաթղթերով, կանոնակարգերով, որոնք տարբեր ժամանակներում ընդունվել են եկեղեցական ժողովական կառույցների կողմից և դրվել են գործածության»,- ասել է հոգևորականը։
Վերջում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը դիմել է այն անհատներին, ովքեր ինչ-ինչ պայմաններում և հանգամանքներում կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի շարժմանը։ Քահանան հորդորում է գործել խղճի մտոք։
«Յուրաքանչյուր անձ պետք է տեսնի բոլոր այն վտանգները, որոնք կանգնած են ոչ միայն այս շարժման, այլև նման շարժումների հետևում։ Անցնող տարիները մեզ բազում կորուստների առջև են կանգնեցրել, կարծում եմ՝ ամեն անհատ իր կյանքի վրա զգացել է բոլոր կորուստների դառնությունը և չպիտի ցանկանա, որպեսզի շատ ավելի մեծ, աղետաբեր կորուստ տեղ գտնի մեր կյանքում։ Ելնել եկեղեցու դեմ, նույնն է, թե ելնես քո ժողովրդի դեմ։ Ելնես ժողովրդիդ դեմ նշանակում է, թե ինքդ զրկես քո ժողովրդին Աստծո օրհնությունից, որովհետև հակառակության մեջ երբեք չի կարող լինել բարիք, որովհետև ընդդիմակայության մեջ չի կարող լինել շահ և օգուտ՝ ժողովրդի համար։ Մեզ նոր պառակտություններ ու վարկաբեկումներ հարկավոր չեն։ Շնորհիվ այս անձի վարած քաղաքականության՝ թե՛ ժողովուրդը, թե երկիրը, թե՛ եկեղեցին բավականին վարկաբեկվել են։ Սա ոչ միայն մեր հեղինակությունն է վնասել, այլ նաև ներքին միասնականությունը։ Յուրաքանչյուր անձ պիտի կշռադատի իր գործողությունները, չպիտի կանգնի այդ հրապարակում, նրանք պիտի միայնակ մնան այդ խայտառակության հրապարակում»,- եզրափակել է հոգևորականը։