15 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ նիստում հաստատվեց՝ Արցախի բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի․ ԱԳՆ

ՄԱԿ-ի ԱԽ նիստում հաստատվեց՝ Արցախի բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի․ ԱԳՆ

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ
Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային
գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն
գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման
կարևորությունը․ ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն
ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր
կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից
արտահայտված հստակ դիրքորոշումները։

Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն
առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը,
ընդգծվեց, որ արդեն 8 ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության
համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային
անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության
խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու
է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական
քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար
ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: