26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ կարող էր ասել հայկական կողմը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում․ Վարդան Օսկանյան

Ի՞նչ կարող էր ասել հայկական կողմը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում․ Վարդան Օսկանյան

Անվտանգության խորհրդի նիստը, որը մեր հասարակության մոտ լավատեսություն
և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ
արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ միակ լավատեսական կետն այն էր, որ Անվտանգության
խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկն իր ելույթում հատուկ շեշտադրում չարեց այն
փաստին, որ Հայաստանն Արցախը վաղաժամկետ ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Ներկայի բանակցություններում հիմնական միջնորդներից Եվրամիության
ներկայացուցիչը հղում արեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, ինչը, կարծում եմ, պատահականություն
չէ։ Միջազգային հանրությունը թերևս բաց է պահում այսօրվա բանակցային օրակարգը փոխելու
հնարավորությունը»,- գրել է նախկին փոխարտգործնախարարը։

Նախկին արտգործնախարարը նաև խոսել է այն մասին, թե ինչ կարող էր
ասել հայկական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն այդպես էլ
չհնչեց։

«Ադրբեջանի վերջին գործողություններն ու հայտարարությունները մեզ
ստիպում են եզրակացնել, որ նրանք ոչ միայն անպատժելիորեն խախտում են պայմանավորվածություներն
ու ստորագրած փաստաթղթերը, այլև չարաշահում են հայկական կողմի բարի կամքի դրսևորումները։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 2022-ի հոկտեմբերի
6-ի Պրահայի հայտարարությունում ներառված արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի
փորձը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։

Սակայն, ինչպես հայտնի է, դիվանագիտության և բանակցությունների
մեջ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ինչպես գիտեք, մենք
դեռ շատ բան ունենք համաձայնեցնելու։ Հայաստանը պարզապես պատրաստ է ճանաչել Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը, եթե խաղաղ բանակցությունները հանգեցնելու են արդար
և երկարատև խաղաղության մեր երկու ժողովուրդների միջև:

Ադրբեջանն այսօր չի կարող անտեսել և մոռացության տալ այն փաստը,
որ Լեռնային Ղարաբաղը, երբեք չլինելով անկախ Ադրբեջանի կազմում, խորհրդային տարիներին
ունեցել է ինքնավար կարգավիճակ, ինչը և պետք է լինի նվազագույն այն հենքը, որի վրա
կկառուցվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ ցանկացած
քննարկում»,- գրել է Օսկանյանը։