
Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը համաշխարհային ռեկորդով դարձել է Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն», – ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի տղամարդկանց թիմը՝ 1738 միավորով, նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։
«Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572 միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը՝ 1685 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ», – նշված է հայտարարության մեջ։