
Քիչ առաջ կրակոց է արձակվել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևոր է եղել
Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ ավտոբուսը ընթանում էր, և դրա մեջ գտնվել է մի քանի ուղևոր, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։
Էրեբունու ոստիկանները պարզում են ավտոբուսի վարորդի ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։