26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ․ Ռուբեն Վարդանյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ․ Ռուբեն Վարդանյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Արցախի
նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝
ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակն ու
անդրադառնալով երեկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին:

«Հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի
մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը
ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ,
այլ միջազգային հանրության խնդիրն է։

Երկրորդը՝ այն պարտավորությունները, որոնք
Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին,
որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը
ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝
եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության
մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ
է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը
իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։

Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը
քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն
այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ
գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի
քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են,
որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս
հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին», – հայտարարել
է Վարդանյանը հարցազրույցի ժամանակ։