Աշոտյանի գործում հիմք կա, որ ժամանակները փոխվելուց հետո գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության․ փաստաբան
Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց
համար վաղուց պարզ է, և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան
էջում գրել է ՀՀԿ փոծնախագահի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով
իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը,
կատարում է քաղաքական իշխանության պատվերը: Իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են
անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից:
Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա:
Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք
իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար:
Արմենին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝
նախկին քրեական օրենսգրքով: Դրանցից մեկն է 179 հոդվածի 3-րդ մասը, որը որպես պատիժ
նախատեսում է 5-8 տարի ազատազրկում: Այդ հոդվածին գործող քրեական օրենսգրքում համապատասխանում
է 256 հոդվածի 3-րդ մասը: Այս հոդվածի սանկցիան 4-8 տարի է: Կարծես տարբերությունը
այդքան մեծ չէ, դե եթե չհաշվենք, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ավելորդ րոպեն
էլ շատ դաժան է: Ինչևէ, քանի որ նոր հոդվածը ավելի մեղմ է, ապա թե Սահմանադրության,
թե նոր քրեական օրենսգրքի պահանջով, Արմենին չէր կարող մեղադրանք ներկայացվել 179 հոդվածի
3-րդ մասով, իսկ ներկայացվելու դեպքում, այն պարզապես ապօրինի է: Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք
օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց
չի կարող կիրառվել:
Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում
եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի
առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի
նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր
է անհապաղ նրան ազատ արձակել: Նա իհարկե դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները
փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության», – գրել է Աթանեսյանը։