28 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային հետախուզական որևէ համակարգում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ որևէ տվյալ չկա. ՀՀ ՄԻՊ

Միջազգային հետախուզական որևէ համակարգում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ որևէ տվյալ չկա. ՀՀ ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի
սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ
վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ․  այս մասին
հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որը շարունակում
է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության
վերաբերյալ տեղեկատվությունը։

«Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ
Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի
կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը:
Այդ հանգամանքը հաստատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված
և վերլուծված տեղեկատվությունը, որը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների
հրամաններով, Վ. Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների
վկայություններով»,-ասված է հայտարարության տեքստում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և
հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների
կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում
առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։

ՀՀ ՄԻՊ-ը ընդգծել է՝ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական
պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում
ստանալու նպատակով
։ Ուստի
վերջինիս ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի
կոպիտ խախտում է։