21 Սեպ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հարցով ՄԱԿ-ի արտահերթ նիստն ավարտվեց. երկրների դիրքորոշումները` ամփոփ

Արցախի հարցով ՄԱԿ-ի արտահերթ նիստն ավարտվեց. երկրների դիրքորոշումները` ամփոփ

Ավարտվել է Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստը, որի ընթացքում Անվտանգության խորհրդի անդամ մի շարք պետությունների ներկայացուցիչներ իրենց դիրքորոշումն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։ 

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում առավել ուշագրավ և կարևոր ելույթները՝ ստորև։

Ֆրանսիա

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհի մնացած մասից առանց որևէ իրավաչափ պատճառի։ Դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին: Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության բեռի արգելափակումը, որ Հայաստանն էր ուղարկել։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեությանը խոչընդոտելուն, դա անընդունելի է»։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշատակել է նաև Արդարդատության միջազգային դատարանի վճիռը, որը պահանջում է Ադրբեջանից ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Մալթա

Մալթայի ներկայացուցիչը կոչ  է արել Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի ճանապարհը, քանի որ այն չպետք է դիտարկվի, որպես Լաչինի միջանցքի այլընտրանք. «Մալթան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հաղթահարել իրավիճակը՝ ապահովելով տարածաշրջանի անվտանգությունն ու բարօրությունը։ Մալթան վերահաստատում է Լաչինի միջանցքի շրջափակման վերացման և մարդկանց, բեռնափոխադրումների և փոխադրամիջոցների երկկողմանի երթևեկի վերականգման անհրաժեշտությունը»

Գաբոն

«Մենք խորապես անհանգստացած ենք ԼՂ ապրող բնակչության իրավիճակով, որոնք Կարմիր Խաչի վերջին հայտարարության համաձայն սննդի ու դեղորայքի կարիք ունեն: Իմ երկիրը վերահաստատում է, որ մարդասիրական օգնությունը պետք է տեղ հասցվի անհապաղ`առանց հարցի քաղաքականացման: Լեռնային Ղարաբաղի տեղաշարժը պետք է երաշխավորվի: Մենք կոչ ենք անում կյանքի կոչել առկա համաձայնությունները, ինչպես նաև նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունները՝ լարվածությունից խուսափելու համար»:

Միացյալ Թագավորություն

«Կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային  դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը»։ 

Ռուսաստան

«Ներկայումս տեղում քայլեր են անհրաժեշտ ԼՂ շուրջ լարվածությունը թոթափելու համար՝ մասնավորապես, դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ 

ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է ճգնաժամն արագորեն հանգուցալուծելու համար»։ 

Չինաստան

Չինաստանի ներկայացուցիչը հայտնել է, որ Չինաստանը հետևում է իրավիճակի զարգացմանը. «Լաչինի վերաբերյալ ճգնաժամը պետք է լուծել երկխոսության միջոցով: ՀՀ-ն և Ադրբեջանը հարևաններ են և համագործակցությունը իրենց շահերից է բխում: Կողմերը վերջին բանակցություններում ցույց են տվել քաղաքական կամք, առկա խնդիրները լուծելու համար: Կոչ ենք անում երկու կողմերին շարունակել փոխադարձ զիջումների գնալ՝ երկու կողմերի միջնորդմամբ, այդ թվում` ՌԴ-ի»:

ԱՄՆ

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով. «Մենք մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը և ծանրացել է մարդասիրական վիճակը: Պարենի, դեղորայքի, մանկական կերի և էներգետիկայի հասանելիությունը չպետք  է խափանվի:  Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը. առևտրային, մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել ԼՂ բնակչությանը:

Ալբանիա

Ալբանիայի ներկայացուցիչը նշել է, որ հետևում են Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումներին. «Գիտենք, որ այս հարցով երկու երկրների դիրքորոշումները կտրականապես տարբերվում են: Այս տարվա հունվարից օգոստոս մոտ 60 նամակ են երկու կողմերն ուղղել Անվտանգության խորհրդին, վստահության խորը պակաս կա կողմերի միջև` հաղթահարելու հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները: Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք. մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն… Մարդասիրական խնդիրների պարագայում բոլոր տարբերակները պետք է դիտարկել, այս առումով նաև դիտարկել այլ ուղիներ` այդ թվում` Աղդամից Խանքենդի առաջարկված ճանապարհի հնարավորությունը»:

Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մատնանշեց մարդու հիմնարար իրավունքների խախտումները ԼՂ-ում։ Նա հերթով վկայակոչեց բոլոր հանձառությունները, որ Ադրբեջանը պետք է կատարեր, բայց խախտել է։ 

Միրզոյանը ընդգծեց, որ ԼՂ-ն այսօր չի ստանում անհրաժեշտ պարեն, դեղորայք և վառելիք, խաթարված է մանկապարտեզների, տրանսպորտի, հիվանդանոցների աշխատանքը, չեն կատարվում գյուղատնտեսական աշխատանքներ, քանի որ Ադրբեջանը հրադադարը պարբերաբար խախտում է։

Միրզոյանը խոսեց Վագիֆ Խաչատրյանին առևանգելու դեպքի մասին, սովամահ եղած Կարո Հովհաննիսյանի մասին, մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մասին։ Նա նշեց, որ սովը ցեղասպանության անտեսանելի զենք է, եթե փոփոխություններ չձեռնարկվեն, հայերը ԼՂ-ում կոչնչացվեն։

Միրզոյանը իր ելույթը ամփոփեց արցախցի փոքրիկների լուսանկարներ ցույց տալով՝ ասելով, որ իրենք հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի։

Անմիջապես Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո ելույթ ունեցան նախ Ադրբեջանի, ապա՝ Թուրքիայի ներկայացուցիչները, որոնք նույն ոճով փորձում էին մեղադրել Հայաստանին «սադրիչ քաղաքական արշավի» համար և հերքել բերված փաստերը։ 

Եվրամիություն

Նկատի ենք առնում Ադրբեջանի պատրաստակամությունը հումանիտար բեռներ տեղափոխել Աղդամ քաղաքով։ Սա, սակայն, չի կարող ընկալվել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։