
Պաշտոնական Բաքուն իրեն ենթակա ԶԼՄ-ների միջոցով սպառնում է ՌԴ-ին․ Ադրբեջանը կարող է սկսել զենք փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին
Ադրբեջանը, հավանաբար, արդեն զենք է մատակարարում Ուկրաինային «միջնորդների միջոցով», բայց դա այդքան էլ չի օգնում Կիևին. RTVI-ի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդագրությունը, թե պաշտոնական Բաքուն կարող է սկսել զենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։
«Թող փորձեն։ Ուկրաինային զենք են մատակարարում շատ ավելի զինված երկրներ, և, այնուամենայնիվ, սա ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային ստեղծված իրավիճակում։ Այսպիսով, կարծում եմ, որ Ադրբեջանի սպառնալիքները, հավանաբար, մեզ վրա չեն ազդի», – նշել է Զատուլինը։
Պատգամավորը հավելել է, որ զենքի մատակարարումը և Ուկրաինային ցանկացած աջակցություն, որը կնպաստի ռազմական գործողությունների շարունակմանը, ռուսական բանակի կողմից կհամարվի ռազմական թիրախ։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա ավիահարվածների թեմային, այն բնականաբար, նետվել է հենց Զելենսկու կողմից», – ընդգծել է RTVI-ի զրուցակիցը։
«Չնայած մենք կարող էինք հարցը դնել այլ հարթության վրա՝ հարցնելով. մինչև ե՞րբ է Ադրբեջանը, որը դեռևս որոշակի բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, Ուկրաինային մատակարարելու ռազմավարական հումք, որը նրան անհրաժեշտ է ռազմական գործողությունները շարունակելու համար։ Մենք երբեք այս հարցը չենք տվել, և ապարդյուն։ Կարծես, լավ ընկերներ լինելով, մենք աչք ենք փակել Ադրբեջանի խաբեությունների վրա, և ոչ միայն էներգետիկ ռեսուրսների մատակարարման հետ կապված», – հավելել է խորհրդարանականը։
Հուլիսի սկզբին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հանրապետությունն Ուկրաինային որևէ ռազմական բաղադրիչ չի մատակարարում և «պահպանում է անվտանգ հեռավորություն»։ Նա մանրամասնել է, որ Բաքուն Ուկրաինային տրամադրում է միայն մարդասիրական օգնություն և «որոշ անհրաժեշտ սարքավորումներ», մասնավորապես՝ էլեկտրական գեներատորներ։
Օգոստոսի 6-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում գտնվող կոմպրեսորային կայանը հարձակման է ենթարկվել։ Գերատեսչությունը հավելել է, որ այս գազատարը ԱՄՆ-ից գազի, ինչպես նաև ադրբեջանական գազի փորձնական ծավալներ մատակարարելու համար է։
Օգոստոսի 8-ին ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել են Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարի վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին։ Հրատարակությունները պնդում են, որ արդյունքում հրդեհ է բռնկվել, և դիզելային վառելիքի խողովակաշարը վնասվել է։
Արդեն օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Ուկրաինային հատկացնել 2 միլիոն դոլար։ Այս գումարով երկիրը կգնի և կուղարկի սեփական արտադրության էլեկտրական սարքավորումներ՝ որպես մարդասիրական օգնություն: Հրամանագրի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ օգնություն է ուղարկել Ուկրաինային՝ «վերջին տարիներին ստեղծված իրավիճակի» պատճառով: Միջոցները կհատկացվեն Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից, որը նախատեսված է հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով: