
«Հեզբոլլահ»-ը մտադիր չէ զինաթափվել․ շարժման գլխավոր քարտուղար
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական զինանոցից․ հաղորդում է Al Jazeera-ն։
Գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ շարժման ցանկացած թիրախավորում կհանգեցնի քաոսի և ներքին անկարգությունների։Ինչ վերաբերում է մերժման պատճառներին, Կասեմը հեռուստատեսային ելույթում պարզաբանել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։Նա քննադատել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրերը՝ մեղադրելով կառավարությանն «ամերիկյան և իսրայելական հրահանգներին» ենթարկվելու մեջ։
Քասեմը կոչ է արել «չհանձնել երկիրը թշնամի Իսրայելին և կենտրոնանալ Լիբանանի տարածքներում իսրայելական օկուպացիայի դադարեցման վրա՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու փոխարեն»։
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը: «Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։