
Մենք օտարերկրյա ուժերի ներկայությունն օգտակար չենք համարում Հարավային Կովկասում և մեր մտահոգությունն ենք հայտնել․ Իրանի ԱԳՆ
Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին. մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի Սրտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է խաղաղության համաձայնագրի վավերացմանը, որը կհարթի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ճանապարհը։
«Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության ստորագրումը երկու երկրների ինքնիշխան որոշումն էր։ Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի վավերացմանը, որը կարող է ապահովել կայուն անվտանգություն և կայունություն տարածաշրջանում», – նշել էր Բաղային։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների ստեղծումը պետք է տեղի ունենա առանց որևէ աշխարհաքաղաքական փոփոխությունների. «Չնայած մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների ստեղծմանը, մենք կարծում ենք, որ դա պետք է արվի միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան և երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքով՝ առանց որևէ աշխարհաքաղաքական փոփոխությունների»։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունն օգտակար չի համարվում և մտահոգության տեղիք է տալիս. «Մենք օտարերկրյա ուժերի ներկայությունն օգտակար չենք համարում և մեր մտահոգությունն ենք հայտնել: Մեզ վստահեցրել են, որ տարածաշրջանում ռազմական ուժեր չեն տեղակայվի: Խաղաղության համաձայնագրի հիմնական կետերից մեկն այն է, որ ոչ մի երրորդ կողմ չպետք է ռազմական ուժեր տեղակայի երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով: Հետևաբար, մենք մտահոգված ենք այս խնդրով, ուշադիր հետևում ենք զարգացումներին և սերտ կապեր ենք պահպանում երկու երկրների հետ»: