
Թեհրանը մեղադրում է ՄԱԳԱՏԷ-ին՝ Իսրայելի և ԱՄՆ հարձակումներին ճանապարհ հարթելու համար
Իրանը շարունակելու է բանակցությունները ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, և մոտ օրերս սպասվում է նոր փուլ. գրում է Reuters-ը, մեջբերելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայեին, որն այսօր պատասխանել է Իրանի պետական լրատվամիջոցներին:
Հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված 12-օրյա հարվածներից հետո ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն կարողացել մուտք գործել Իրանի կայաններ՝ չնայած գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հայտարարություններին, որ տեսչական աշխատանքները շարունակում են մնալ նրա առաջնահերթությունը։
«Անցյալ շաբաթ մենք բանակցություններ ենք ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Դրանք կշարունակվեն, և հավանաբար մոտ օրերս կլինի նոր փուլ»,- ասել է Բաղայեն։
Թեհրանը մեղադրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ մայիսի 31-ի զեկույցով ճանապարհ է հարթել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների համար։ Զեկույցից հետո գործակալության 35 երկրի խորհուրդը հայտարարել է, որ Իրանը չի պահպանում միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։
Իսլամական Հանրապետությունը երկար տարիներ հերքում է Արևմուտքի կասկածները՝ միջուկային զենքի գաղտնի մշակման ուղղությամբ, շեշտելով, որ հավատարիմ է մնում «Չտարածման պայմանագրին», որը թույլ է տալիս ատոմային էներգիայի միայն խաղաղ օգտագործում։
«Մեր հարաբերությունների մակարդակը ՄԱԳԱՏԷ-ի հետ փոփոխվել է տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Մենք դա չենք թաքցնում»,- հավելել է Բաղայեն՝ հանդես գալով հեռուստատեսային շաբաթական ճեպազրույցում։
Անցած ամիս Իրանի խորհրդարանը հաստատել էր օրենք, որով դադարեցվում է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը։ Ըստ օրենքի՝ ապագայում միջուկային օբյեկտների ցանկացած տեսչական այց պետք է հաստատվի Թեհրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։