12 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սոնա Մնացականյանի հայրը կբողոքարկի դատարանի վճիռը

Սոնա Մնացականյանի հայրը կբողոքարկի դատարանի վճիռը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ընտանիքը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը։

3 տարի տևած դատավարությունից հետո դատարանն այսօր որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այդ, մեկուկես տարով նրան զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։

«Բողոքարկելու եմ, որովհետև համոզված չեմ, որ 1,6 տարվա ազատազրկումը բողոքարկման փուլերում չի փոխվի այլ բանով»,– ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը։

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում դատախազն Արամ Նավասարդյանի համար պահանջել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկում։ Իսկ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամները 4 տարվա ազատազրկում էին պահանջել։

10 մլն պահանջի փոխարեն դատարանը հոգուտ Մնացականյանի հոր 4 մլն դրամ բռնագանձելու որոշում կայացրեց, սակայն հորը այդ հարցը չի հուզում, քանի որ որևէ գումար չի փոխհատուցի աղջկա և չծնված թոռան մահը։

«Նշանակություն չունի իմ համար, փոխհատուցում բառ չկա, ես դա չեմ հասկանում՝ ինչ է։ Պարզապես պետք էր ներկայացնել իմ ծախսերը, որն արել եմ»,– շարունակեց նա։

Մնացական Մնացականյանը նշեց, որ 3 տարի տևած դատաքննության ընթացքում հույս ուներ, որ արդարադատություն կլինի, հիմա վստահ է՝ չկա արդարադատություն։

Ռազմագերիներ